ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայ ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ պատասխանատուներին, հայտնում են Հայ դատի կենտրոնական գրասենյակից։
ՀՅԴ-ն ԵԱՀԿ պատասխանատուներին առաջարկում է գործարկել ունեցած գործիքակազմերը՝ Ադրբեջանի հանձնառությունների համատեքստում օրենսդրական և վարչական ընթացակարգերը գնահատելու, փաստերը արձանագրելու, ինչպես նաև համապատասխան առաջարկներ և խորհրդատվություններ կատարելու համար։
«ԵԱՀԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին փոխանցվել են մի շարք տեղեկություններ Ադրբեջանում դատական համակարգի թերությունների, ինչպես նաև ի աջակցություն հայ գերիների՝ տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումների մասին։ Միաժամանակ, շարունակում է գործել ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի կողմից ստեղծված հարթակը՝ https://armeniancause.net/ հասցեով, որտեղ հնարավոր է ստորագրել առցանց խնդրագիր՝ ուղղված ԵԱՀԿ համապատասխան պաշտոնյաներին»,- ասվում է հաղորդագրությունում։
Գրասենյակն ընդգծում է, որ յուրաքանչյուր օրը ճակատագրական է գերիների բարօրության ու կյանքի համար։ Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի և նախագահ Իլհամ Ալիևի վրա, որպեսզի դադարեցվեն մարդու իրավունքների կոպիտ խախտումներն, ու ազատ արձակվեն ապօրինի կերպով ձերբակալված բոլոր հայ գերիները։
«Ստորագրությունների թիվը ներկայումս հասել է 6000-ի, սակայն անհրաժեշտ է մեծացնել այն։ Ուստի, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը, նրանց, ովքեր դեռևս չեն միացել հիշյալ պահանջին, խնդրում է ստորագրել խնդրագիրը և օժանդակել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակման աշխատանքներին»,- ասվում է հաղորդագրությունում։
Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ 2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան է ուղարկել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին սկսվել են Արցախի առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը մարտի 13-ին Armenia Today-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ 2023 թվականի սեպտեմբերից Հայաստանի իշխանությունները կտրուկ նվազեցրել են Բաքվում ապօրինաբար դատվող հայ գերիներին և Արցախի առաջնորդներին ազատ արձակելու ջանքերի մակարդակը։
Կարդացեք նաև՝
«Մարդու իրավունքների կոպիտ խախտում». միջազգային դիտորդը՝ Բաքվում հայերի դատավարության մասին