Արցախի Հանրապետությունում ապրիլի 14-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցել է շատ ավելի հանգիստ մթնոլորտում, որը պայմանավորված է նախագահի թեկնածուների քանակով, ինչպես նաև այն հանգամանքով, որ մարտի 31-ին կայացել են միաժամանակ համապետական նշանակության երկու՝ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Արցախում դիտորդական առաքելություն իրականացրած ՀՀ Ազգային ժողովի դիտորդական խմբի ղեկավար Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանի կարծիքով՝ այս անգամ մասնակցության առումով ազդեցություն է ունեցել նաև հանրապետության նախագահի թեկնածուների կոչը․ թեկնածուներից մեկն իր ընտրողներին կոչ էր արել առհասարակ չմասնակցել ընտրություններին, իսկ մյուս թեկնածուն էլ՝ խոցելի խմբերի մարդկանց:
«Ունեցանք շուրջ 45% մասնակցություն։ Ընդհանուր առմամբ թե՛ առաջին, թե՛ երկրորդ փուլի հետ կապված՝ ուզում եմ վերահաստատել մեր դիրքորոշումը. անելիքներ դեռ շատ կան, բայց ընտրությունների ընթացքում արձանագրված թվերն արտացոլում են այն պատկերը, որը ԱՀ քաղաքացիները արձանագրել են ընտրատեղամասերում»,- նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը։
Սիմոնյանը շնորհավորել է Արցախի Հանրապետությանը՝ նոր Խորհրդարան ձևավորելու և նոր նախագահ ընտրվելու կապակցությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







