Արցախի 100 000 բնակիչները դեռ շոկի մեջ են և փորձում են վերականգնել իրենց կյանքը սեպտեմբերին իրենց տարածքները կորցնելուց հետո, գրում է ֆրանսիական Le Monde պարբերականը:
Հոդվածագիրը պատմում է 13-ամյա Նատալի Մուսայելյանի մասին, ով նախքան Լեռնային Ղարաբաղից հեռանալը հապճեպ հավաքել է մի բուռ քարեր, մի ճյուղ, մի քանի հատապտուղներ և թաքցրել փոքրիկ շոկոլադե տուփի մեջ: «Տատիկի և մորաքրոջ հետ Հայաստանում ապաստան գտնելուց ի վեր՝ դեռահասն ամեն առավոտ վերցնում է իր գանձերը՝ նախկին կյանքի մնացորդները և խորը շնչում դրանց բույրը։ «Դա ինձ տուն է հիշեցնում, ես այնքան եմ կարոտում Արցախը [Լեռնային Ղարաբաղի հայկական անունը]»»,- գրում է թերթը:
Ֆրանսիական պարբերականը զրուցել է հոգեբան Անետա Քաչոտյանի հետ, ով աշխատում է մոտ 30 ընտանիքի հետ: «Երկու ամիս անց նրանց հանկարծակի հեռանալու շոկը դեռ թարմ է, բայց նրանք բոլորը փորձում են վերականգնել իրենց կյանքը Հայաստանում: Նրանք կորցրել են ամեն ինչ և այժմ պետք է զրոյից սկսեն: Դա նրանց այնքան մեծ սթրեսի մեջ է դնում, որ շատերը «սառած» են զգում՝ անկարող լինելով պատկերացնել ապագան»,- նկատում է հոգեբանը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







