Եթե Արայիկ Հարությունյանը ընտրվի Արցախի Հանրապետության նախագահ, ես կաջակցեմ նրա՝ Արցախի զարգացման ծրագրերին։ Այս մասին հայտարարել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը՝ վստահություն հայտնելով, որ այսկերպ իրենց համագործակցությունն ավելի կզարգանա և կամրանա։
Ռուբեն Վարդանյանը նշել է, որ տասնհինգ տարուց ավելի է, ինչ ճանաչում է Արայիկ Հարությունյանին ու մշտապես հիացել և զարմացել է նրա տարբերվող տեսակով, գիտելիքների մեծ պաշարով և կյանքի հանդեպ ունեցած մեծ հետաքրքրությամբ։
«Մենք համատեղ շատ նախագծեր ենք իրականացրել, ձեռք ձեռքի տվել, ու նույնիսկ այն դեպքում, երբ ինչ-որ բաներ են փոխվել, մեր պայմանավորվածությունը պահպանվել է։ Դա գործնական հարաբերություններում շատ կարևոր հատկանիշ է, առավել ևս՝ պետական պաշտոնյայի համար»,- նշել է Վարդանյանը։
Բարերարը նշել է, որ մոտ 20 տարի է, ինչ համատեղ իրականացնում են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (Initiatives for Development of Armenia, IDeA) հիմնադրամի ծրագրերը։ Այդ հիմնադրամի գործունեությունն ուղղված է Հայաստանի զարգացման երկարաժամկետ նախագծերի իրականացմանը, և Արցախը շատ մեծ դերակատարում ունի դրանցում։ Առանց չափազանցության, Արցախի զարգացումը, հաջողությունը, ժողովրդի երջանկությունը ամենակարևոր հարցն է:
«Թող չնեղանան ո՛չ սփյուռքահայությունը և ոչ էլ հայաստանաբնակ մեր հայրենակիցները, ես այդպես եմ կարծում, որովհետև, ճիշտ է, Արցախում մենք հաղթանակ ենք տարել, բայց այդ հաղթանակը պետք է ոչ միայն պատերազմի դաշտում կերտել, այլ նաև խաղաղ պայմաններում․ մենք հաղթել ենք, որպեսզի հայ ժողովուրդն իր պատմական հողում ապրի ազատ, հաջողակ և երջանիկ, այսինքն՝ բավարարվել միայն պատերազմի հաղթանակով չի կարելի»,- նշել է Վարդանյանը։
https://web.facebook.com/watch/?t=148&v=2835708636507715
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







