Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունը հերքել է մամուլում տարածվող տեղեկությունները՝ իբր նոր կորոնավիրուսի ախտանշանով բազմաթիվ քաղաքացիական ու զինվորական անձինք են տեղափոխվել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, իսկ ԱՀ իշխանությունները թաքցնում են ճշմարտությունը։
«Հարգելի՛ հայրենակիցներ
Հավանաբար ադրբեջանական կեղծ օգտատերերի կողմից ֆեյսբուքում տարածվում է հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե իբր նոր կորոնավիրուսի ախտանշանով բազմաթիվ քաղաքացիական ու զինվորական անձինք են տեղափոխվել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, իսկ ԱՀ իշխանությունները թաքցնում են ճշմարտությունը»,- ասված է ԱՀ ԱՆ հայտարարության մեջ։
ԱՀ ԱՆ-ն պաշտոնապես հայտարարում է, որ այդ տեղեկությունները ամբողջությամբ սուտ են, և ԱՀ առողջապահության նախարարությունը թափանցիկ կերպով ներկայացնում է հանրությանը Արցախում տիրող իրավիճակն ու կատարվող աշխատանքները:
«Առ այսօր Հանրապետությունում նոր կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի արձանագրվել, և առողջապահական համակարգը արտակարգ ռեժիմով աշխատում է վիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու և հնարավոր դեպքերն օպերատիվ կերպով բացահայտելու ուղղությամբ: Հորդորում ենք բոլորին չհավատալ և չտարածել ոչ պաշտոնական աղբյուրների կողմից տարածվող տեղեկությունները»,- ասված է ԱՀ ԱՆ հայտարարության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







