ԿԳՄՍ նախարարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության կազմակերպման վերաբերյալ հանձնարարական է տվել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Մասնավորապես, հանձնարարավել է ապահովել երեխաների ընդգրկումն ուսումնական հաստատություններ՝ անկախ անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունից:
«Մի քանի ուսումնական հաստատություններ ունեցող բնակավայրերում երեխաների ընդգրկումն իրականացվելու է ազատ տեղեր ունեցող հաստատություններում, իսկ տվյալ բնակավայրում դրանք ամբողջությամբ համալրված լինելու դեպքում՝ կրկին առաջնորդվելով երեխայի լավագույն շահով, տվյալ բնակավայրի մոտակա հաստատությունում՝ անկախ լիցենզիայով սահմանված տեղերից»,-ասված է շրջաբերականում։
Հանձնարարվել է բոլոր երեխաներին ապահովել անհրաժեշտ դասագրքերով։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին:
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին ավելի ուշ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր:
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







