Ադրբեջանն Արցախից մեկնողների թեման փորձում է ներկայացնել որպես «ՀՀ զինված ուժերի դուրս բերման գործընթաց», ինչը չի համապասխանում իրականությանը հենց միայն այն պատճառով, որ Արցախի ՊԲ-ի կազմում ծառայում են բացառապես Արցախի գրանցում ունեցող անձինք, գրել է ՀՀ ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար, պատգամավոր Տիգրան Աբրահամյան։
«Արցախում քննարկման առարկա է դարձել այն հարցը, թե ինչու են որոշ արցախցիները մեկնում ՀՀ: Նախ հստակ սահմանված են այն բոլոր խմբերը, որոնք Կարմիր Խաչի կամ ռուս խաղաղապահների միջոցով, նախապես հերթագրվելով, մեկնում են ՀՀ: Օրինակ` առողջական ծանր խնդիրներ ունեցողներներ, ՌԴ քաղաքացիություն ունեցողներ և նրանց ընտանիքի անդամներ, մինչև շրջափակումը Արցախի հանքարդյունաբերությունում, շինարարությունում այլ ոլորտներում աշխատող ՀՀ քաղաքացիներ, ՀՀ կամ արտերկրի բուհեր ընդունվածներ»,- գրել է նա:
Պատգամավրը նշել է, որ տարբեր անձինք, տարբեր ճանապարհներով, կարգը շրջանցելով մեկնել են Արցախից, ինչն իրավացիորեն ներսում տարաբնույթ դժգոհությունների առիթ է դարձել:
«Ավելին` հատկապես վերջին օրերին, տարատեսակ «հումանիտար միջանցքների» խոսակցությունների ֆոնին, Արցախի ներսում պնդում է ձևավորվել, որ մարդիկ պետք է մնան տեղում և անհարկի կոչեր չպետք է հնչեցնեն Արցախը լքելու վերաբերյալ:
Սրանով պայմանավորված իշխանությունը ուժեղացնում է հսկողությունը Արցախից ելքի իրականացման մասով և հանձնարարություն է իջեցվել, որպեսզի Արցախից ՀՀ մեկնողների սահմանված կարգն ու սկզբունքները խստորեն պահպանվեն, ինչը մեկողների առումով միայն բացառություններ է սահմանում»,- գրել է Աբրահամյանը:
Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ «զինծառայողների տարհանման» մասին ադրբեջանական լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







