ԵԽԽՎ Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը Փարիզում կայացած նիստի ընթացքում որոշում է կայացրել դիմել ԵԽԽՎ բյուրոյին ԼՂ հարցով, հայտնել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը։
«Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը Փարիզում կայացած նիստի ընթացքում որոշում է կայացրել դիմել ԵԽԽՎ բյուրոյին և առաջարկել՝ հրատապ ընթացակարգով կազմակերպել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի հարցի քննարկում ԵԽԽՎ 2023թ. թվականի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից պարտավորությունների կատարման (Մոնիտորինգի) և Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովներում կազմակերպել հրատապ կարգով համատեղ լսումներ Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ»,- գրել է նա։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած բանակցություններից հետո նշել էր, որ Ադրբեջանը պատրաստ է հավասարապես մարդասիրական մատակարարումներ իրականացնել Աղդամով։ Եվրոպական խորհրդի ղեկավարն առաջարկել է փուլային լուծում, որը պարունակում է հետևողական մոտեցում Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության և Աղդամի ճանապարհի բացմանը։
Օգոստոսի 29-ի առավոտյան Ադրբեջանի ԿԽՄԿ նախագահ Նովրուզ Ասլանը հայտարարել էր Աղդամի ճանապարհով Ստեփանակերտ մարդասիրական բեռներ ուղարկելու մասին։ Ընկերությունը նախատեսում է մատակարարել 40 տոննա ալյուրի արտադրանք, ինչպես նաև վրաններ, տեխնիկական սարքավորումներ կազմակերպության աշխատակիցների գործունեության համար։ Հարյուրավոր Արցախցիներ հավաքվել էին Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին և արգելել ադրբեջանական բեռնատարների մուտքը։
Օգոստոսի 30-ին Գաբրիել Գաբոնը հայտնել էր, որ Ֆրանսիայից մարդասիրական օգնության շարասյունը Երևանից մեկնել է Արցախ, սակայն ադրբեջանական կողմն արգելել է հումանիտար բեռների մուտքն Արցախ։
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







