ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում Արցախում հումանիտար ճգնաժամի քննարկումը չի ենթադրում փաստաթղթի (բանաձևի կամ հայտարարության) ուղղակի ընդունում:
«Ընթացակարգային առումով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ձևաչափը քննարկում է, այն չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի (բանաձևի կամ հայտարարության) ընդունում»,- նշվում Է գերատեսչության մամուլի քարտուղար Անի Բադալյանի հայտարարության մեջ:
Բադալյանը հիշեցրել է՝ Հայաստանը չի մտնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 երկրների ցանկի մեջ, որոնք իրավասություն ունեն նման փաստաթղթեր քվեարկության դնելու:
Ըստ մամուլի քարտուղարի` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամի ներկայացումը միջազգային հարթակներում շարունակական գործընթաց է և ԱԳՆ-ն շարունակում է այս ուղղությամբ ակտիվ աշխատանքները` ՄԱԿ և այլ հարթակներում։
«Այսօր միջազգային հանրությունը, ՄԱԿ ԱԽ՝ տարածաշրջանում իրական, երկարատև կայունության հարցում շահագրգռված անդամները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն, համադրեն ջանքերը՝ Լաչինի միջանցքի վերաբացման կարևորության հարցում ձևավորված ընկալումը, առկա մեխանիզմների արդյունավետ կիրառմամբ, խնդրի անմիջական կարգավորմանն ուղղորդելու նպատակով»,- ասել է Բադալյանը
Օգոստոսի 16-ին Հայաստանի խնդրանքով հրավիրված նիստում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Արցախի ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ի արդյունքներն ամրագրել Լաչինի միջանցքի բացման բանաձևով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







