Ադրբեջանը հրաժարվում է Երևան-Գյումրի ճանապարհատրանսպորտային պատահարից մահացած արցախցի Հելեն Դադայանի դին տեղափոխել հայրենիք, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Հելենը Լեռնային Ղարաբաղի բնակիչ էր, սովորել է Հայաստանում։ Նա մահացել է 5 օր առաջ սարսափելի ավտովթարից։ Ադրբեջանը հրաժարվում է թույլ տալ, որ նրա մարմինը տեղափոխեն հայրենիք՝ հուղարկավորելու համար։ Այդ թվում՝ ԿԽՄԿ-ի միջոցով»,- X-ում նշել է Բադալյանը։
Օգոստոսի 14-ին ՀՀ ՆԳՆ-ն հայտնել էր, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Ֆոլքսվագեն» մարդատար միկրոավտոբուսը և «ԶԻԼ» բեռնատարը, ինչի հետևանքով 11 մարդ մահացել է, վեց վիրավոր հոսպիտալացվել էր։ Hamshen Tour տուրիստական ընկերությունից Armenia Today-ին հաստատել էին, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մասնակիցներն իրենց զբոսաշրջային խմբից են։ Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեն գործ էր հարուցել։
Օգոստոսի 18-ին ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մոտ բողոքի ցույց էր տեղի ունեցել՝ կապված Բաքվի կողմից Դադայանի աճյունն Արցախ տեղափոխելու արգելքի հետ։ Մի խումբ քաղաքացիներ ԿԽՄԿ-ից պահանջում էին հայտարարություն տարածել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Հելենի աճյունն Արցախ տեղափոխելու թույլտվությունից հրաժարվելու վերաբերյալ։
Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները
Բաքվում հուլիսի 21-ին շարունակվել է Արցախի նախկին առաջնորդների գործով վերաքննիչ բողոքների քննությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ելույթ են ունեցել մեղադրող դատախազները...






































