Արցախի ՊՆ-ն հերքում է շփման գծի տարբեր ուղղություններում ՊԲ ստորաբաժանումների կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը:
«Օգոստոսի 14֊ին ադրբեջանական էլեկտրոնային ԶԼՄ֊ները հրապարակել են երկրորդ կեղծ տեսագրությունը, որտեղ այս անգամ պատկերված են ՊԲ ստորաբաժանումների կողմից իբրև թե իրականացվող ամրաշինական աշխատանքները»- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության և այդ կառույցի հետ սերտորեն համագործակցող լրատվամիջոցների զգալիորեն ավելացած ակտիվությունը, պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակներով պարբերաբար տարածվող ապատեղեկատվությունը, հրադադարի խախտումների և քաղաքացիական օդանավերը ՌԷՊ միջոցներով թիրախավորելու Արցախի ՊԲ֊ին հասցեագրված բացարձակապես սուտ մեղադրանքները , ինչպես արդեն նշել ենք նախկինում, նպատակ ունեն շեղել միջազգային ուշադրությունը Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետից, հիմնավորել Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտումները և տեղեկատվական հենք ստեղծել ապագա սադրանքների համար։
Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հերքել էր շփման գծի տարբեր ուղղություններում ՊԲ կողմից զինտեխնիկա կուտակելու մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







