«Ամերիկյան ձեռներեցության ինստիտուտ» (AEI) վերլուծական կենտրոնի փորձագետ Մայքլ Ռուբինն Ադրբեջանն անվանել է ամենաավտորիտար բռնապետություններից մեկը, որը փորձում է իրեն ենթարկել Լեռնային Ղարաբաղը․ այսպես է Ռուբինը գնահատել Ադրբեջանի գործողությունները, որն անօրինական և միակողմանի կերպով փակել է Լաչինի միջանցքը հունիսի 15-ից և Արցախը պահում է տոտալ շրջափակման մեջ:
Փորձագետը ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը Ադրբեջանի անկախությունից հետո երբեք չի եղել միանշանակ, [չնայած Ալիևի հայտարարությունների այն մասին, որ աշխարհը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի հետ միասին]։
«Ալիևը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, և որ նրա բնակիչները պետք է ենթարկվեն իր իշխանությանը՝ աշխարհի ամենավտորիտար բռնապետություններից մեկին: ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը Ադրբեջանի անկախությունից հետո երբեք չի եղել միանշանակ» ,- նշել է հոդվածագիրը։
Փորձագետը հիշեցնում է, որ Արցախի հարցը չի անտեսվում միջազգային հանրության կողմից. նա հիշեցնում է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը, որում Ադրբեջանի գործողությունները որակվել են որպես ցեղասպանություն։
Ռուբինը բացատրում է, որ ԱՄՆ դիրքորոշումը հիմնված է եղել տարածաշրջանում խաղաղության հասնելու վերջնական նպատակի վրա,վեճի խաղաղ կարգավորմանը Ադրբեջանի համաձայնության և տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների հավասարակշռման վրա։
Նա ԱՄՆ իշխանություններից պահանջել է նաև էթնիկ զտումներ իրականացնող Ադրբեջանին այլև չֆինանսավորել և փոխարենը ամերիկյան դրոշի ներքո բեռնատարներ ուղարկել Լաչինի միջանցք՝ ամերիկացի դիվանագետների հսկողության ներքո, իսկ եթե Ադրբեջանը հրաժարվի օգնությունը ներս թողնել Լեռնային Ղարաբաղ, հեղինակի խոսքով, ԱՄՆ-ը պետք է պատժամիջոցներ կիրառի և հետ կանչի իր դեսպանին Բաքվից:
Գնահատելով ԱՄՆ իշխանությունների գործողությունները՝ փորձագետը պնդում է, որ եթե նույնիսկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարվել տարածաշրջանի նկատմամբ հայկական պահանջներից, Փաշինյանը ոչ իրավունք ունի, ոչ էլ կարողություն զրկելու բնակիչների ինքնորոշման օրինական իրավունքներից։
Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները:
Հուլիսի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչությամբ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու ՀՀ կառավարության պահանջը՝ որոշել է վերահաստատել իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին կայացրած որոշումը, հայտնել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։
«Ամերիկյան ձեռներեցության ինստիտուտ — ը ոչ կառավարական կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է Microsoft, Motorola, American Express, ExxonMobil, Chevron AT&T և այլ կազմակերպությունների կողմից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







