Արցախում կայուն և անվտանգ հաղորդակցության համար գործարկվել է ArtsakhX մեսենջեր հավելվածը, տեղեկացնում են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
«Արցախի Հանրապետության կառավարության և «Զանգի Լայվքոմ» փակ բաժնետիրական ընկերության միջև ստորագրված հուշագրի համաձայն` հատուկ արցախցիների համար ստեղծվել է ArtsakhX մեսենջեր հավելվածը, որի միջոցով օգտատերերը կարող են ամբողջությամբ՝ սկզբից մինչև վերջ (End-to-End) գաղտնագրված ձևով միմյանց փոխանցել անձնական հաղորդագրություններ, ֆայլեր, կատարել աուդիո և տեսազանգեր: Ի տարբերություն այլ հայտնի մեսենջերների՝ ArtsakhX-ում հաղորդագրությունները, ֆայլերը, զանգերը չեն պահպանվում սերվերների վրա, ինչը հնարավորություն կտա խուսափել հաքերային հարձակումներից»,-ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ համակարգի աշխատունակությունը ապահովելու համար պարտադիր է ունենալ Wi-Fi կամ բջջային տվյալների կապի հասանելիություն։
«ArtsakhX հաղորդագրությունների հավելվածում Բոլոր հաղորդագրությունները մաքսիմալ պաշտպանված են, համակարգը պաշտպանված է հսկողությունից և հաքերային հարձակումներից, ունի խմբային զրույցների, բարձր որակի աուդիո և տեսազանգերի հնարավորություն։ Հնարավորություն կա շփվել նույնիսկ ցածր թողունակությամբ կամ տատանվող ինտերնետ կապի պարագայում»,-նշել են նախարարությունում՝ տեղեկացնելով նաև պետական մարմիններից հրատապ ու նպատակային ծանուցումներ ստանալու հնարավորության մասին։
Օգտատերերը կարող են ներբեռնել և օգտագործել հավելվածը Google Play-ից, App Store-ից կամ ArtsakhX-ի պաշտոնական կայքից՝ գրանցվելով միայն արցախյան բջջային հեռախոսահամարով։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







