Ավելի քան 60 ֆրանսիացի սենատորներ և պատգամավորներ կոչ են արել նախագահ Էմանուել Մակրոնին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ռեժիմի դեմ՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների փորձի համար։ Օրենսդիրների կոչը տպագրել է Le Monde պարբերականը։
Արցախին գործնական աջակցություն ցուցաբերելու կոչը հեղինակել են Ժիլբեր-Լյուկ Դևինազն ու Պիեռ Ուզուլիասը և ստորագրել են 59 այլ օրենսդիրներ:
«Հայկական Լեռնային Ղարաբաղը անհետացման եզրին է։ “Լեռնային Ղարաբաղը, որը ներկայացնում է Հարավային Կովկասում այն, ինչ մենք պնդում ենք, որ մարմնավորում ենք, ավելիին է արժանի, քան անփույթ հայացքը։ Նա պարզապես արժանի է իր քաղաքացիների ինքնորոշման իրավունքն իրագործելուն։ Սա արդարացնում է Ֆրանսիայի դերն ու գործունեությունը տարածաշրջանում, հաստատում է մեր երկրի գործողությունների օրինականությունը, և բռնի օկուպացիան որևէ կերպ չի կարող կասկածի տակ դնել նրա գոյությունը», — նշել են պատգամավորներն ու սենատորները։
Ֆրանսիացի օրենսդիրները հիշեցրել են նաև Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի նամակը իր կնոջը, որում կյանքից հեռանալուց առաջ նա նշել էր, որ չի ատում գերմանացի ժողովրդին և որ ամեն ոք կստանա այն, ինչին արժանի է։
«Մենք խնդրում ենք Էմանուել Մակրոնին պատժամիջոցներ կիրառել Իլհամ Ալիևի և նրա ռեժիմի դեմ՝ առանց որևէ ատելության նրա ժողովրդի նկատմամբ, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները վերջապես կարողանան գոյակցել խաղաղության և եղբայրության մեջ Հարավային Կովկասում, որտեղ նրանք ապրում են կողք կողքի», — ասված է հայտարարության մեջ։
Օրենսդիրները հավելել են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը փորձում է ոչ միայն գոյատևել Հարավային Կովկասում, այլև մարմնավորել ժողովրդավարական արժեքները, որոնք Ֆրանսիան համարում է իր սեփական արժեքները։
«Մինչդեռ մենք այս կապակցությամբ որևէ քայլ կամ աջակցություն չենք նախաձեռնել Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների փորձերին դիմակայելու համար»,- եզրափակել են ֆրանսիացի օրենսդիրները։
Հունիսի 15-ին Ադրբեջանը արգելել է մարդասիրական, ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին ադրբեջանցիները բետոնե պատնեշներ են տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







