Հայաստանը պարտավոր է կատարել իր պարտավորությունները՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ասվում է «Ազատ Արցախ-Հայկական հանրաքվե» (Հայաքվե) ընդդիմադիր շարժման հայտարարության մեջ, որն ընդունվել է հունիսի 28-ի գիշերը Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ադրբեջանական գնդակոծության կապակցությամբ։
Հայաստանի իշխանությունների անգործությունը նպաստում է Արցախի հայերի էթնիկ զտումների Բաքվի ծրագրերի իրականացմանը, և դա պետք է պատժվի Քրեական օրենսգրքով, ընդգծել են նրանք։
«Հայաստանի Հանրապետությունը պետք է կատարի Արցախի անվտանգության երաշխավորի ստանձնած պարտավորությունները, հայ ժողովուրդը պետք է արտահայտի իր կամքը՝ Արցախն ազատ և անկախ տեսնելու հարցում»,- ասված է հայտարարությունում։
Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ, hայկական կողմն ունի 4 զոհ։ Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է:
Արցախի ԱԺ-ն հունիսի 28-ի նիստի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ Վաշինգտոնյան բանակցություններում ՀՀ պատվիրակությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը:
«Ազատ Արցախ-Հայկական հանրաքվե» շարժումը հանդես է եկել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ՝ նախատեսելով քրեական պատիժ Արցախի ինքնորոշման իրավունքի ժխտման համար։
Հունիսի 20-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է շարժման հիմնադիրների խնդրանքը՝ օրենքի նախագիծն Ազգային ժողով ներկայացնելու համար անհրաժեշտ 50 հազար ստորագրություն հավաքել։ Եթե ԱԺ-ն չընդունի օրինագիծը, շարժումը կնախաձեռնի 300 հազար ստորագրահավաք հանրաքվե անցկացնելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







