Արդեն 7-րդ օրն է, ինչ Ադրբեջանը ամբողջությամբ արգելափակել է ՌԴ խաղաղապահ զորակազմի (ՌԽԶ) և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից Լաչինի միջանցքով իրականացվող բոլոր տեսակի հումանիտար բեռների` ներառյալ պարենի և դեղորայքի մատակարարումներն Արցախի Հանրապետություն՝ դրանով իսկ միտումնավոր զրկելով Արցախի 120 հազար բնակչությանը, այդ թվում՝ երեխաներին, կանանց և ծերերին, գոյատևման նվազագույն միջոցներից, գրել է Արցախի ԱԳՆ-ն:
Գերատեսչությունն ընդգծում է, որ Լաչինի միջանցքի ամբողջական և կամայական արգելափակումը, մասնավորապես, ՌԴ խաղաղապահ զորակազմի և ԿԽՄԿ-ի կողմից Արցախի պաշարված ժողովրդի հիմնական կարիքների համար նախատեսված մարդասիրական բեռների փոխադրմանը միտումնավոր խոչընդոտելը, միջազգային իրավունքում դիտարկվում է որպես պատերազմական հանցագործություն։
«Ըստ էության, Ադրբեջանը 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների աղաղակող խախտումներից և ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի 22-ի իրավաբանորեն պարտավորեցնող վճռի լիակատար անտեսումից անցել է պատերազմական հանցագործություն հանդիսացող գործողությունների»,- ասված է հայտարարության մեջ։
Արցախի արտաքին գերատեսչությոընը խստորեն պահանջում է, որպեսզի միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամները ձեռնարկեն անհրաժեշտ հավաքական և անհատական միջոցներ՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական միջազգային հանցագործությունները, ինչպես նաև կանխելու Արցախի ժողովրդին սպառնացող ցեղասպանության աղետը:
«Ժամանակն է նաև, որպեսզի ԿԽՄԿ-ն և այլ համապատասխան միջազգային կառույցները և իրավապաշտպան կազմակերպությունները պատշաճ և համարժեք գնահատեն ստեղծված իրավիճակը և հորդորեն Ադրբեջանի իշխանություններին հարգել Արցախի ժողովրդի մարդասիրական օգնության և միջազգային պաշտպանության իրավունքը։ Ընդգծում ենք, որ անգործությունը և անտարբերությունը փաստացի խրախուսում են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները»,- ասված է հաղորդագրությունում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







