Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
ԱՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կիրառել է հրաձգային զենք և ականանետ։
«Ժամը 11։40-ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-տեղեկացնում են ԱՀ ՊՆ-ից՝ հայտնելով, որ մայիսի 30-ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Մայիսի 30-ին ԱՀ ՊՆ-ից հայտնել էին, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի, Շուշիի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Մայիսի 30-ին ՀՀ ՊՆ-ն ևս հայտարարել էր Ադրբեջանի հերթական ապատեղեկատվության մասին։ ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 29-ին և լույս 30-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան և արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







