Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը աշխատանքային այցով գտնվում է Կիպրոսի Հանրապետությունում։
Մարտի 6-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը մասնակցել է Արցախին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայ Դատի Կիպրոսի հանձնախմբի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնբւմ է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միջոցառմանը հայտարարվել է Կիպրոսում Արցախի հետ բարեկամության շրջանակի ստեղծման մասին, որին անդամակցում են Կիպրոսի խորհրդարանի, քաղաքային խորհուրդների անդամներ, հայտնի քաղաքական գործիչներ և գիտնականներ։
Նախարարի տեղակալը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու հանրապետությունում առկա իրողություները, նշել տարբեր մակարդակներում արտաքին հարաբերությունների հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին՝ կարևորելով խորհրդարանական դիվանագիտության ձևաչափը միջազգային գործընթացներում Արցախի ներգրավվածության ընդլայնման գործում։
Արմինե Ալեքսանյանն ընդգծել է մի շարք երկրներում գործող Արցախի հետ բարեկամության խմբերի և շրջանակների դերը՝ Արցախի մասին իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների հաստատման համար բարենպաստ պայմանների ստեղծման գործում։ Այս համատեքստում ԱԳ փոխնախարարը հատկապես կարևորել է Կիպրոսում Արցախի հետ Բարեկամության շրջանակի ստեղծումը, որը հնարավորություն կընձեռի կենտրոնացնել ջանքերը՝ ինստիտուցիոնալ մակարդակով ամրապնդելու և զարգացնելու երկու երկրների միջև համագործակցությունը, ինչպես նաև նպաստելու Կիպրոսում Արցախի ճանաչելիության բաձրացմանը և հանրապետության շահերի առաջմղմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







