Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն արձագանքել է Արցախի Շուշիի շրջանի օկուպացված հատվածում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի 3 զինվորականների վիրավորվելու մասին Բաքվի հայտարարությանը: Բեգլարյանն իր տելեգրամյան ալիքում կատարած գրառման մեջ նշել է, որ Ադրբեջանն անհիմն կերպով հայկական կողմին մեղադրում է կանխամտածված սադրանքի մեջ:
Նրա խոսքով՝ այն հատվածը, որտեղ, ըստ Բաքվի վարկածի, տեղի է ունեցել միջադեպը, գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, ուստի անտրամաբանական է պնդել, որ դրանք նոր և միտումնավոր տեղադրված ականներ են: Բեգլարյանը հարցրել է, թե ինչպես կարելի է ականներ տեղադրել ադրբեջանական տեսահսկման համակարգերի աշխատանքի պայմաններում։
Նա նաև նշել է, որ այդ շրջանում մարտեր են ընթացել և՛ 1990-ականներին, և՛ 2020-ականներին, ըստ այդմ՝ անհնար է ասել, թե ով է այնտեղ ականներ դրել: Բեգլարյանը նշել է, որ երբ այդ շրջանը եղել է Արցախի վերահսկողության տակ, հայ հովիվներից մեկը ևս պայթել է ականի վրա: Ուստի պետնախարարի խորհրդականը չի չբացառել, որ այդ ականները ժամանակին դրվել են հենց ադրբեջանցիների կողմից։
Բեգլարյանն ընդգծել է, որ Ադրբեջանը երբեք չի համագործակցել Արցախի և Հայաստանի հետ, չի տրամադրել ականապատ դաշտերի որևէ քարտեզ և մշտապես խոչընդոտել է Արցախում ականազերծման միջազգային ջանքերին, ինչի պատճառով Արցախի իշխանությունները չեն կարողացել ժամանակին լիարժեք ականազերծել բազմաթիվ հատվածներ, այդ թվում՝ այդ հատվածը:
«Ինչ կապ ունի այստեղ Հայաստանի Հանրապետությունը, եթե վայրը դտնվում է Արցախի տարածքի ներսում և բոլոր ճանապարհները Ադրբեջանի կողմից փակ են, և արդեն մի քանի ամիս է, երբ որևէ մուտք Հայաստանից անհնար է»,- գրել է Արտակ Բեգլարյանը:
Վերջում նա ընդգծել է, որ Ադրբեջանի մեղադրանքներից և հավակնություններից զգացվում է, որ Բաքուն փորձում է լրացուցիչ առիթներ ստեղծել նոր սադրանքների և ագրեսիաների համար, մինչդեռ արցախյան կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը և միշտ պատրաստ է քննարկել և լուծել փոխադարձ հետաքրքրություն առաջացնող բոլոր հարցերը, ներառյալ՝ շրջափակման վերացումը և երկկողմ ականազերծումը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է իր երեք զինծառայող։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







