Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանն այսօր՝ մարտի 4-ին, ապատեղեկատվություն է անվանել ԶԼՄ-ներում Ռուսաստան մուտքի սահմանափակման մասին հրապարակումը:
Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հանդես է եկել Սամվել Բաբայանի մուտքը ՌԴ 5 տարով սահմանափակելու վերաբերյալ տեղեկության պարզաբանմամբ:
Գրասենյակի տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Երկրոդ օրն է, ինչ հայկական լրատվադաշտը հեղեղված է Սամվել Բաբայանի մուտքը Ռուսասատանի Դաշնություն 5 տարով սահմանափակելու մասին տեղեկությամբ: Ի պատասխան լրատվամիջոցների և նրանց ներկայացուցիչների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ նման բովանդակությամբ նյութերը մեկ նպատակ ունեն՝ հոգեբանական ներազդման միջոցով ճնշել հանրային գիտակցությունը, մասնավորապես՝ Ս. Բաբայանի պոտենցիալ ընտրազանգվածին:
Այսպիսի գործելաոճը անկանկալ չէ, քանի որ ավելի քան երկու տասնամյակ հանրությանը սնել են ստահոդ տեղեկություններով՝ նպատակ ունենալով ցանկացած գնով կանխել Սամվել Բաբայանի վերադարձը:
Սամվել Բաբայանի նկատմամբ հանրային ակնհայտ վստահությունն ու համախմբումը բացառում են իշխանությունների վերարտադրությունը, ուստի նրա ընդդիմախոսները շարունակում են հնարավոր և անհնար բոլոր մեթոդներով կանխել անխուսափելին:
Մյուս կողմից՝ նույն աղբյուրները Սամվել Բաբայանին մշտապես կապել են Ռուսաստանի հետ՝ նրան վերագրելով պրոռուսական «մեղքեր»: Նրա մուտքը Ռուսաստան սահմանափակելու մասին տեղեկությունից հետո հարց է ծագում՝ Սամվել Բաբայանը ռուսակա՞ն, թե՞ հակառուսական «պրոյեկտ» է: Հարցի ցանկացած պատասխան չի բխում պատվիրատուների շահերից:
Այն, որ ադրբեջանական մամուլը սիրով արտատպում է նրա մուտքը ՌԴ սահմանափակելու վերաբերյալ տեղեկատվությունը, միանշանակ հասկանալի է, բայց որ հայկական որոշ լրատվամիջոցներն են էքսկլյուզիվի ցանկությամբ տուրք տալիս ասեկոսեներին, առնվազն մատնում է նրանց տերերին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հրապարակ»- թերթը հրապարակել էր տեղեկատվություն այն մասին, որ ՌԴ-ն հինգ տարի ժամկետով սահմանափակել է Մասիս Մայիլյանի և Սամվել Բաբայանի մուտքն իր երկրի տարածք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







