Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հանդես է եկել կոչով՝ ներկայացնելով այսօր նախատեսվող գործողությունների ժամանակացույցը:
Հաշվի առնելով Արցախի քառօրյա ամբողջական շրջափակումը և գազամատակարարման անջատումն Ադրբեջանի կողմից և դրանով պայմանավորված հումանիտար աղետն Արցախում, ինչպես նաև Ադրբեջանի հանցավոր վարքագծի նկատմամբ միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքը՝ այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի կունենան ակցիաներ Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամների դեսպանատների և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների դիմաց։
14:00 ԱՄՆ դեսպանատուն
14:30 Չինաստանի դեսպանատուն
15:30 ԵՄ պատվիրակություն
16:30 Ֆրանսիայի դեսպանատուն
17:00 ՌԴ դեսպանատուն։
Ստեփանյանը նշել է, որ այնուհետև միանալու են ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իրենց բողոքն արտահայտող հայրենակիցներին:
«Լինելու եմ բոլոր ակցիաների վայրերում՝ ներկայացնելու իրավիճակը Արցախում և պահանջելու տեր կանգնել մարդու իրավունքների համընդհանրության կարևորագույն սկզբունքին։ Կոչ եմ անում Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանի կարևորագույն առաքելությունն իրականացրած իմ բոլոր գործընկերներին միանալ և առաջնորդել ակցիաները։ Կոչ եմ անում նաև Արցախի ճակատագրով սրտացավ իմ բոլոր հայրենակիցներին միանալ նշված ակցիաներին, որպեսզի մեր պահանջները ներկայացնենք միջազգային հանրությանը»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







