Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը շարունակում է փակ մնալ և շուրջ 120 հազար մարդ շրջափակման մեջ է։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Անդրադառնալով ադրբեջանական այսպես կոչված «ակտիվիստների» տեղանքում հայտնվելուն, Ստեփանյանը նշեց, որ այդտեղ ցանկապատ կա, որը բացվում է ադրբեջանական կողմի շարժի համար։ «Նրանք անցել են այդ անցակետը և անմիջապես սկսել են վրաններ տեղադրել և սկսել են իրենց, այսպես ասած, բնապահպանական ակցիան»,-նշեց Ստեփանյանը։
Ըստ նրա՝ այդ «ակցիայի» նպատակը երկուսն է՝ անընդհատ լարվածության մեջ պահել արցախցիներին, որ ճանապարհը կփակվի, իսկ մյուս կողմից ուղղված է ռուս խաղաղապահների դեմ։
Անդրադառնալով նրանց կողմից դրված ֆորմալ պահաջին՝ այն է Արցախում եղած հանքավայրի մոնիթորինգի իրականացմանը, Ստեփանյանը նշեց. «Խոսքը Կաշենի հանքավայրի մասին է, որն ամենամեծ հանքավայրն է, որի հարկային եկամուտները մեծ տեղ ունի Արցախի բյուջեի ձևավորման մեջ։ Մյուս կողմից այդտեղ մեծ թվով մարդիկ են աշխատում և դա նրանց եկամուտի միակ աղբյուրն է։ Թիրախավորվում է նաև այդ հարցը՝ Արցախին զրկել սեփական եկամուտներից»։
Ըստ Ստեփանյանի՝ այդ մոնիթորինգ ասվածի ելքն արդեն վճռված է և այն արհեստական քայլ է իրենց հետագա իրենց պահանջներինի համար։ «Հենց սկզբից սա արհեստական դրված հարց էր»,-նշեց նա։
Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարության, թե պատրաստ են պաշտպանել Արցախի բնակչության իրավունքները, Ստեփանյանը նշեց, որ այսօրվա իրավիճակը դրա լրիվ հակառակ միտումն է ցույց տալիս։
Արցախի ՄԻՊ-ի պնդմամբ՝ այս իրավիճակն առաջին հերթին ռուս խաղաղապահների առաքելության դեմ է ուղղված, որպեսզի 2025-ին չերկարաձգվի այդ մանդատը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։ Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:




































