Մենք կարևորում ենք ցանկացած քայլ, որը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը: «Ազատության» եթերում Facebook-յան ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների՝ այսօր Բրյուսելում կայանալիք երրորդ նիստին:
Օգտատերերից մեկի հարցին, թե ինչո՞ւ են ՀՀ-ին ՌԴ-ի ձեռքին գործիք դարձնում՝ Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Սա փողոցային «ռազբորկա չէ», ազգի ու պետության ճակատագիր է որոշվում: Պետք է իմաստուն լինենք, իմաստությունից է գալիս՝ գործի՞ք ես, թե՞ գործոն»:
Անդրադառնալով Սոչիում տեղի ունեցած եռակողմ՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը՝ նա նշեց, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն ամենաբարդն է և այս իմաստով Սոչիի հանդիպումից համակարտության վերջնական կարգավորում հնարավոր չէր սպասել:
«Բայց Սոչիի հանդիպումը կարևոր էր, մենք արժևորել ենք այն: Ոչ թե բուն հայտարարության տեքստին պետք է նայենք, այլ տողատակերին՝ վերլուծելով հանդիպումից առաջ ու հետո եղած զարգացումները: Բոլոր հայտարարությունները ցույց են տալիս, որ հակամարտությունը կարգավորված չէ, ու աշխատանքը պետք է շարունակել: Սոչիի եռակողմ հանդիպման հայտարարության մեջ ԼՂ-ն, որպես այդպիսին, չէր նշվում, բայց կային կարևոր կետեր: Այդ կետերը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ Ադրբեջանի այն շատ վտանգավոր թեզը, թե ԼՂ հարց չկա, չի ընդունվում»,- ընդգծեց Բաբայանը:
ԱՀ ԱԳ նախարարի խոսքով, երբ խոսում ենք հակամարտության կարգավորման տարբեր՝ ռուսական և արևմտյան առաջրկների մասին, պարզապես պահը պետք է հասկանալ:
«Օրհասական ժամանակահատվածում ենք, շատերը դա չեն հասկանում: Պետք է փրկել երկիրն ու ազգը: Մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, ուր գրված կլինի, թե Արցախը պետք է Ադրբեջանի կազմում լինի: Շրջանառվող փաստաթուղթը (խաղաղության «վաշինգտոնյան» փաստաթուղթ-խմբ.) ցեղասպանության արտոնագիր է»,- ընդգծեց նա:
Դավիթ Բաբայանը նաև նշեց, որ Արցախը երբեք չի խուսափել բանակցություններից:
«Հակառակը, միշտ ենք ասել, որ Արցախը լիարժեք պետք է մասնակցի բանակցային բոլոր մակարդակներին: Խնդիրը ոչ թե բանակցություններից խուսափելն է, այլ թե ինչ ձևաչափով ենք բանակցում: Գոյություն ուներ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը, հետո ոչ լիարժեք ձևաչափ ձևավորվեց, Արցախն ամենաբարձր մակարդակով չէր մասնակցում, բայց ընդգրկված էր գործընթացներում: Մենք պատրաստ ենք բանակցել, բայց հիմա ձևաչափը ո՞րն է: Հիմա Ադրբեջանն ասում է՝ «մենք կբանակցենք աբորիգենների հետ, որոնք պետք է մեղայականով ներողություն խնդրեն մեզնից, մենք էլ կորոշենք՝ ինչ իրավունքներ ու ազատություններ տանք իրենց»: Այսպիսի բանակցությունների գնալը մեզ համար անընդունելի է»,- շեշտեց ԱԳ նախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







