ԱՀ խորհրդարանական 5 ուժերի ղեկավարների հանդիպումը ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԺ-ն։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ վրջին օրերին տարբեր լրատվամիջոցներով տարածվել է, որ ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունները դիմել են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ղեկավարությանը՝ հանդիպելու նպատակով։ Հանդիպման շարժառիթը ՀՀ-ում ՌԴ դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովի՝ վերջերս արված հայտարարությունն էր, ինչպես նաև օգոստոսի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի հերթական խախտումն ու անվտանգային հարցերը։
Օգոստոսի 23-ին հանդիպումը տեղի է ունեցել։ Հանդիպման ընթացքում վերոնշյալ հարցերի շուրջ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատուների կողմից տրվել են պարզաբանումներ։ Մասնավորապես, հղում կատարելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ նշվել է, որ նոր երթուղին ունենալու է նույն միջանցքի կարգավիճակը, և պահպանվելու են բոլոր անվտանգային բաղադրիչները՝ սկսած 5 կմ-ոց անվտանգային գոտուց մինչև ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետերի տեղակայում։
Խաղաղապահների ղեկավարությունը նշել է, որ իրենք եզրակացություններ են արել օգոստոսյան սրացումներից հետո և խոստացել լրացուցիչ ջանքեր գործադրել՝ հետագայում սահմանին նմանատիպ խախտումները կանխելու, ինչպես նաև Արցախի բնակիչներին պաշտպանելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







