Այսօր՝ ապրիլի 19-ին, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ ընդունել է 2020թ․ մարտի 31-ի ԱՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցած արտախորհրդարանական ուժերի՝ «Ազգային վերածնունդ», «Անկախության սերունդ», «Արցախի կոմունիստական կուսակցություն», «Արցախի հեղափոխական կուսակցություն», «Արցախի պահպանողական կուսակցություն», «Միացյալ Հայաստան», «Վաղվա Արցախ» կուսակցությունների ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԺ-ն։
Հանդիպմանը արտախորհրդարանական ուժերի առաջնորդներն արտահայտել են իրենց կարծիքն ու դիրքորոշումը Արցախի հարցի շուրջ և այդ համատեքստում կարևորել են ԱԺ խմբակցությունների միահամուռ ու միասնական գործելու հանգամանքը։
Կուսակցությունների ներկայացուցիչները շեշտել են, որ լիովին սատարում և միանում են ԱՀ Ազգային ժողովի՝ 2022 թ․ ապրիլի 14-ի արտահերթ նիստում ընդունած հայտարարությանը։
Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ-ն հայտարարություն էր տարածել, որում ասված էր, որ արցախահայությունը քաջ գիտակցում է խաղաղության գինը: Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, և դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել:
Շեշտվել էր, որ Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» օրակարգով Արցախն Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը, տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության` իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը:
«Պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այս արժեքներով: Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու»,- ասված էր հայտարարության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







