Ապրիլի 16-ին ժամը 22:25-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Սերգո Շաքարյանը (ծնված 1969թ.) ապօրինի մուտք է գործել Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոցի փողոցում տեղակայված ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2-րդ հարկ և իր մոտ առկա «АК-74» տիպի ինքնաձիգով թիրախային կրակահերթ արձակել ծառայություն իրականացնող անձնակազմի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:
Ոստիկանության ավագ տեսուչ հերթապահ Ժ.Ե.-ն կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է:
Այնուհետև Սերգո Շաքարյանը նույն նպատակով հետապնդել է ՕԿԿ կրտսեր տեսուչ հերթապահ Ա.Խ.-ին, սակայն վերջինիս հաջողվել է խուսանավել:
Քիչ անց Ս.Շաքարյանը բերման է ենթարկվել ոստիկանություն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Սերգո Շաքարյանը ձերբակալվել է:
Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ, իրականացվում է նախաքննություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







