Մենք ունենք ոչ թե նշաձողի, այլ կարմիր գծերի խնդիր, իսկ Արցախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելը կարմիր գիծ է։ Այս մասին Արցախի հանրային հ/ը-ի հետ զրույցում նշել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ապրիլի 13-ին խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Ըստ Բաբայանի՝ Արցախի իշխանություններն ու ժողովուրդը միևնույն տեսակետներն ունեն այս հարցում։ «Ըստ յուաքանչյուր նորմալ հայի՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Չլինի Արցախը, չի լինելու Հայաստանը, լոկ ժամանակի խնդիր է դա»,- նշել է Բաբայանը։
Նա հավելել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը թող իրար հետ հարաբերությունները պարզեն, Արցախի հարցը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։
Վրաստանի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ հանձնակատար Տոյվո Կլաարի կողմից վարչապետ Փաշինյանի վերոնշյալ ելույթը հեռատես անվանելը Բաբայանը պատճառաբանել է աշխարհաքաղաքական միտումներով։ «Սա ոչ թե արդարության, արժեքների վրա հիմնված տեսակետ է, այլ աշխարհաքաղաքական միտում ունի։ Եթե դա որոշ ուժերի տեսակետն է, այնուհանդերձ, չպետք է վճռորոշ լինի»,- նշել Բաբայանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







