Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ապրիլի 2-ին, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի հետ այցելել է առաջնագծամերձ Նախիջևանիկ, Վարդաձոր և Սառնաղբյուր համայնքներ և հանդիպել բնակիչների հետ: Այս մասին հայտնում են ԱՀ կառավարությունից:
Պետական նախարարը անմիջական մթնոլորտում տեղեկացել է բնակիչների խնդիրների մասին, մանրամասնել պետական ծրագրերի կարևոր ուղղությունները՝ միտված հատկապես առաջնագծին մոտ գտնվող համայնքներում զբաղվածության խթանմանն ու դրանից ածանցվող համայքների զարգացման ծրագրերին: Արտակ Բեգլարյանը նշել է, որ նախատեսվում են դպրոցաշինության և ճանապարհաշինության պետական ծրագրեր, ինչպես նաև որոշ հատվածներում ջրամատակարարման խնդիրների լուծման և բնակիչների կյանքի որակի շարունակական բարձրացման համար անհրաժեշտ միջոցառումներ:
Ըստ աղբյուրի՝ պետական նախարարը բնակիչների հարցումներին ի պատասխան՝ անդրադարձել է Հանրապետության անվտանգային, ներքին և արտաքին օրակարգերին վերաբերող մի շարք հարցերի: Արտակ Բեգլարյանը վստահեցրել է, որ կառավարությունը, ռուս խաղաղապահ զորակազմի օժանդակությամբ, անում և անելու է հնարավորը՝ մեր քաղաքացիների խաղաղ ու անվտանգ կյանքի ապահովման համար: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է համազգային համախմբում և Արցախի բոլոր բնակիչների մասնակցությունը Հայրենիքի պաշտպանունակության շարունակական բարձրացման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը: Ադրբեջանական ուժերը մարտի 25-ի գիշերը կրակ են բացել նաև ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ, ինչի հետևանքով հայկական կողմը զոհեր և վիրավորներ ունի:
ՌԴ ԱԳՆ-ն ծայրահեղ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ: ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







