Ադրբեջանական ստորաբաժանումների ներթափանցման ուղղություններով մեծ շարժեր չկան, փոխհրաձգությունները կտրուկ նվազել են, սակայն որևէ երաշխիք չկա, որ իրադրությունը սրության նոր դրսևորումներ կունենա։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ պատգամավորի՝ Ռուսաստանը Ադրբեջանի հետ ինտենսիվ բանակցությունների մեջ է՝ նպատակն Ադրբեջանին ելման դիրքեր վերադարձնելն է։
«Չնայած այն հանգամանքին, ստեղծված բարդ իրադրությունը ծանր ազդեցություն է ունենում Արցախի և Արցախում ապրող մեր հայրենակիցների վրա, այս ճգնաժամը դուրս է եկել Արցախի սահմաններից, և սրա հետևանքները՝ անկախ բանակցությունների արդյունքից, մեծ ազդեցություն են ունենալու Հարավային Կովկասում 44-օրյա պատերազմից հետո ձևավորված իրողությունների վրա»,- նշել է Աբրահամյանը։
Մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են նրանց վերադարձնել ելման դիրքեր:
Ադրբեջանական ուժերը մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Տեղի ունեցած մարտերի ընթացքում ՊԲ 3 զինծառայող է զոհվել։
ՌԴ ԱԳՆ-ը ծայրահեղ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ: ՌԴ ՊՆ-ը հայտարարել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







