Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակով։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ մարտի սկզբից հրադադարի ռեժիմի կանոնավոր խախտումներ են արձանագրվում։
«Ռուսական խաղաղապահ զորակազմն իր պատասխանատվության գոտում համապատասխան միջոցներ է ձեռնարկում կայունության, իրադրության վերահսկողության ապահովման ուղղությամբ։ Այդ ջանքերի շնորհիվ մարտի 13-ից զինված միջադեպեր չեն արձանագրվում։ Ինչ վերաբերում է սահմանազատման, սահմանագծման գործընթացին, ապա մենք կողմ ենք սահմանազատման գործընթացի շուտափույթ գործարկմանը՝ համապատասխան երկկողմ հանձնաժողովի ստեղծմամբ»,- նշել Է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև անդրադարձել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գազատարի վթարին։ Նա նշել է, որ ռուսական կողմը տեղյակ է ծանր հումանիտար իրավիճակի մասին:
«Տվյալ խնդիրը լուծելու նպատակով մենք կապի մեջ ենք երկու կողմերի հետ։ Մեր դիրքորոշումն այն է, որ պետք է խուսափել ցանկացած քայից, որը խնդիրներ կստեղծի բնակիչների համար։ Խնդիրներ, որոնք կխորացնեն առանց այդ էլ բարդ հումանիտար իրավիճակը»,- ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Պատասխանելով հարցին, թե մտավախություն չկա՞, որ Բաքուն կարող է օգտվել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունից և էսկալացիայի գնալ՝ Զախարովան նշել է. «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ՝ անկախ իրավիճակի զարգացումից։ Մենք աշխատում ենք նաև միջազգային, արտաքին քաղաքական ուղղություններով։
Մեզ համար նշած տարածաշրջանում կարգավորումն առաջնահերթություն է, և բոլորը գիտեն այդ մասին»։
Զախարովան նաև ընդգծել է, որ Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի նախապատրաստմանը ձեռնամուխ լինելու Բաքվի և Երևանի պատրաստակամությունը:
«Մենք վերահաստատում ենք նման բանակցային գործընթացին աջակցելու մեր պատրաստակամությունը։ Ինչ վերաբերում է դրա ավարտի հնարավոր ժամկետներին, խաղաղ պայմանագրի ստորագրմանը, ապա առայժմ վաղաժամ է խոսել այդ թեմայով»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ դիմելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







