Արցախի դատախազությունն արձագանքել է այսօր ավելի վաղ Կարմիր Շուկայի հատվածում ադրբեջանական կողմի սադրանքին։
«Սույն թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցներ են արձակվել բնակելի տների ուղղությամբ, որի հետևանքով գնդակներից մեկը խոցել է նշված գյուղի բնակչի տան պատուհանը և թափանցել հյուրասենյակ: Բարեբախտաբար դեպքի պահին սենյակում գտնվող՝ տանտիրոջ անչափահաս երեխաներն ու կինը չեն վնասվել:
Դեպքի մասին հաղորդվելուց հետո ԱՀ ոստիկանության ծառայողներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, տեղում իրականացվում են հանցագործության նյութական հետքերի հայտնաբերմանն ու ամրագրմանն ուղղված գործողություններ:
ԱՀ դատախազության կողմից դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին:
Դեպքի կապակցությամբ իրականացվող մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացվում է ԱՀ Մարտունու շրջանի դատախազության կողմից»,- նշվում է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







