Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 1-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն, որը նվիրված է եղել հանրապետությունում տիրող համաճարակաբանական վիճակին։
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից հայտնում են, որ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: Վերջինս նշել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին մոտ տասնապատիկ աճել են ՔՈՎԻԴ-19-ով վարակվելու դեպքերը, և համավարակի դեմ պայքարի կազմակերպման համար այս պահի դրությամբ առողջապահության նախարարությունն ունի բավարար դեղորայքային միջոցներ: Սակայն, ըստ նախարարի, հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է հաշվի առնել աշխարհի առաջատար փորձը, հակառակ դեպքում՝ գործադրվող բոլոր ջանքերը ցանկալի արդյունք չեն կարող ապահովել:
Ըստ աղբյուրի՝ երկրի ղեկավարը խիստ մտահոգիչ է համարել վարակվածության դեպքերի դինամիկ աճը, ընդգծել այդ նպատակով գործող սահմանափակումներն ավելի խստացնելու իշխանությունների վճռականությունը: Այդ կապակցությամբ նախագահ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 2-ից: