Ժենգյալով հացն արցախյան խոհանոցի այցեքարտն է: Ժենգյալով, այսինքն՝ ամենատարբեր կանաչիներով լցոնված հաց: Ժենգյալով հացի պատրաստումը ոչ միայն համեղ ուտեստ պատրաստելու ծիսակարգ է, այն իր մեջ կրում է նաև պատրաստման ընթացքում հարազատներին մի վայրում հավաքելու խորհուրդը։
Armenia Today-ն այսօր ներկայացնում է ժենգյալով հաց պատրաստելու բաղադրատոմսը:
Միջուկի բաղադրությունը.
Կընձմընձյուկ, համեմ, սամիթ, անանուխ (նանա), սոխ (կարելի է կանաչ սոխի փոխարեն օգտագործել մանր կտրատած գլուխ սոխ), եղինջ, սպանախ, բազուկի տերևներ, ավելուկ, թրթնջուկ, սըմսըմոկ, տըմտըմոկ, տըտըպաշար, պռավու պորտ (պառավի պորտ), ճըռճըռոկ, պտուտկուն, տեսնը, կյըռնանջուկ (գառան ականջ), մոխրաթալ (սպանախի տեսակ), կտավատի երիտասարդ տերևներ, խաղողի երիտասարդ տերևներ: Այդ բոլորը մանր կտրատել, խառնել իրար, ծածկել սրբիչով, որ չթառամի:
Խմորի բաղադրությունը. ալյուր, գոլ ջուր, աղ. հունցել այնքան, որ ստացվի պինդ, բայց փափուկ խմոր: Ծածկել սրբիչով, մոտ կես ժամ թողնել տաք տեղում:
Պատրաստման եղանակը.
Խմորը բաժանել փոքր գնդիկների՝ մոտ 5 սմ տրամագծով: 5 րոպե անց բարակ գրտնակել (լավաշի պես): Կանաչու պատրաստ խառնուրդին ավելացնել աղ, պղպեղ, ձեթ (մեկ հացի համար առնվազն երկու ճաշի գթալ), խառնել և տեղադրել բարակ շերտով խմորի վրա այնպես, որ բոլոր ծայրերից 1 / 1.5 սմ-ը բաց մնա: Ծայրերն իրար միացնել ժենգյալով հացի մեջտեղի մասում, ամրացնել: Ձեռքի ափով արդեն փակած խմորին զգույշ թակելով, լայնությամբ և երկարությամբ մեծացնել և դնել արդեն միջին կրակով տաքացած սաջի (կլոր կամ քառակուսի երկաթ է) կամ երկաթե վառարանի վրա:
Թխել մոտ 10-12 րոպե: Թխված, դեռ տաք ժենգյալով հացը մեկ-մեկ շարել մաքուր տախտակի վրա: Ժենգյալով հացը տաք վիճակում իրար վրա դնել չի կարելի, դրանք կարող են կչել իրարդրանք կարելի է իրար վրա դնել միայն ժենգյալով հացի հովանալուց հետո:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







