Արդեն երրորդ անգամ Արցախում անցկացվող օդային փառատոնը (Airfest) ամենասպասված իրադարձություններից է: Որպես միջոցառման անցկացման վայր օգտագործվում է Ստեփանակերտի օդանավակայանը: Դա ինքնանպատակ չէ. օդային փառատոնի անցկացումը Ստեփանակերտի օդանավակայանում ևս մեկ անգամ դրա գործարկման խնդրին անդրադառնալու միջոց է:
Օդային փառատոնին ներկաները հնարավորություն են ունեցել օդապարիկով, ինքնաթիռով և պարապլանով կատարել թռիչքներ, ականատես են եղել օդային շոու ծրագրին, վայելել են Aratta Band-ի և Shushva Band-ի համերգային ծրագիրը։
Ըստ «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության հիմնադիր Տիգրան Չիբուխչյանի՝ այս տարվա մի քանի նոր անակնկալները ուղղված են փոքրիկների շրջանում օդաչուի մասնագիտության նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը: Իսկ փառատոնի նպատակը Արցախը որպես զբոսաշրջային կենտրոն ներկայացնելն է, քանի որ շատերը չեն եղել Արցախում և այն որպես զբոսաշրջային ուղղություն ամբողջությամբ բացահայտված չէ:
Փառատոնն իրականացնում են Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության, Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունները՝ Yell Extreme Park-ի, Paragliding in Armenia-Sky club-ի և Skyball-ի հետ համատեղ:
Կազմակերպիչները տարեցտարի մասնակիցների և հյուրերի հոսքի ավելացում են արձանագրում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







