Բովուրխանավանք վանական համալիրը (Բողրխանի վանք–ըստ Մակար Բարխուդարյանցի) գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում` համանուն լեռան հյուսիսային լանջին, ծովի մակարդակից 1700 մետր բարձրության վրա:
Վանքը կառուցել է մելիք Բաղր Շահնազարը (ով նաև խանի տիտղոս ուներ), որն իշխել է Վարանդայում XVII դարի առաջին կեսին, այստեղից էլ Բաղրխան անվանումը, որը հետագայում վերափոխվել և դարձել է Բուրուխան, Բովրխան, ապա Բովուրխան: Այն բաղկացած է եկեղեցուց, տնտեսական ու արտադրական շինություններից՝ շրջապատված պարիսպներով ու աշտարակներով: Վանքի կառույցների մեծ մասը քանդված է:
Պահպանվում են վանքի փլատակները, խաչքարերը, շրջապատող պարսպի մնացորդները: Նյութական ապացույցները, տեղանքի դիրքը, ջրի առկայությունը վկայում են, որ Բովուրխանի վանքի շրջակա տարածքը միաժամանակ բնակավայր-ամրոց է եղել:
Բովուրխանավանքը ծառայել է որպես Վարանդայի մելիքների ամառային նստավայր:
Վանքի նկուղային սենյակներում գտնվում էին ախոռները, պահեստները և դարբնոցը, բայց հիմա նրանք ծածկված են հողով: Վանք-ամրոցը ունեցել է նաև ստորուղի և ջրմուղ, բայց նրանց հետքերը կորցված են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







