Արցախում սեպտեմբերի 8-ին կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու է Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը: Այդ կապակցությամբ Արցախում գտնվող «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության պատվիրակությանը օգոստոսի 27-ին ընդունել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
Հանդիպման ընթացքում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Արցախի ԱԳՆ ղեկավարին է ներկայացրել Հայաստանում կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև անդրադարձ կատարել Արցախում նախատեսվող ծրագրերին:
Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Արցախում քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման հեռանկարների վերաբերյալ: Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է ժողովրդավարական պետության հիմքերի ամրապնդման կարևորությունը և գոհունակություն հայտնել Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում դիտորդական առաքելությանն աջակցելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կապակցությամբ:
Նույն օրը ԱՀ ոստիկանությունում անցկացվեց սեմինար-պարապմունք` «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունները» թեմայով, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության շտաբի, հասարակական կարգի ապահովման, անձնագրային և վիզաների վարչությունների ներկայացուցիչները, ինչպես նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Հյուրերին ներկայացրեց Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը։
Սեմինար-պարապմունքի անցկացման նպատակը Արցախի Հանրապետությունում նախանշված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ոստիկանության գործունեության հետ կապված կազմակերպչական և իրավական հարցերի քննարկումն էր, որն անցավ ակտիվ և կառուցողական մթնոլորտում։ Մանրակրկիտ քննարկվեցին ինչպես օրենսդրության դրույթները, այնպես էլ գործնական իրավիճակում ծագող հարաբերությունները։ Հյուրերը կարևորեցին Արցախի Հանրապետության ոստիկանության պետի կողմից հաստատված «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների» վերաբերյալ կազմված ուղեցույցի առկայությունը, որով հստակ կանոնակարգված են ոստիկանության ծառայողի գործունեության հետ կապված բոլոր հանգամանքները։