Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի պատմական Տիգրանակերտի մոտակայքում է գտնվում 7-րդ դարում կառուցված Վանքասարը: Այն տեղակայված է բարձր սարի գագաթին: Եկեղեցու այսպիսի տեղադրությունը նրան հնարավորություն է տվել ստանձնել Խաչենագետի ներքնահովտից հարավ ընկած այս հատվածում գերակշռողի դերը, որտեղից ընդգրկուն տեսարան է բացվում դեպի Կուր-արաքսյան հարթավայր և Կովկասյան լեռնաշղթա:
Վանքասարի տաճարը խաչաձև կենտրոնագմբեթ փոքրիկ եկեղեցիների տիպին է պատկանում, որը ոչ միայն հայկական, այլև համաքրիստոնեական ճարտարապետության մեջ ուշագրավ երևույթ է։
Ուսումնասիրությունները պարզում են նաև, որ խաչաձև հորինվածքներ այլ տեղերում նույնպես կառուցվել են, որոնք, սակայն, հռոմեական, բյուզանդական ճարտարապետության մեջ հիմնականում առնչվում են դամբանային թեմայի հետ և շատ տարածում չունեն։ Խաչի ձևով այդ կառույցները նախատեսված չէին ծիսական արարողությունների համար։
Եկեղեցու բոլոր քարերը կրում են վարպետների նշաններ, որոնց զգալի մասը՝ հայերեն և նույնական են Սիսիանի 7-րդ դարի տաճարի նշաններին: Տաճարի պատերին հայերեն արձանագրություններ կան, ժամանակին խաչքարեր են եղել: Սակայն ադրբեջանական տիրապետության ընթացքում խաչքարերից մեկը ադրբեջանցիները տարել են Աղդամ, այժմ այն Ասկերանի եկեղեցու բակում է: Եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին խաչային հորինվածք է եղել, որը ևս ադրբեջանցիները քերել են: Անցած դարի 70-ական թվականներին նրանք վերանորոգել են եկեղեցին՝ լիովին աղավաղելով իրական կերպարը: Տեղացիները պատմում են, որ 7-րդ դարի եկեղեցին ադրբեջանցիները փորձել են մզկիթ դարձնել:
Վանքասարի եկեղեցին Արցախյան ազատագրական պատերազմի ժամանակ բավականին վնասվել է արկից, Արցախի թեմի ջանքերով արկի հարվածի հետևանքով տուժած մասը վերականգնվել է:
Բացի Տիգրանակերտից, Վանքասարի ստորոտում են գտնվում վաղքրիստոնեական ժայռափոր համալիր ու ժայռափոր ջրանցք: Լեռան վրա գտնվող բոլոր հուշարձանները կառուցվել են լեռան հանքերից հանած կրաքարով, որի շնորհիվ Տիգրանակերտը եղել է սպիտակ քաղաք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







