Ազգի հարատևման գաղտնիքը հարուստ մշակույթն ու պատմությունն են: Սա ոչ թե պաթոսով շաղախված միտք է, այլ տարիների ընթացքում իրեն արդարացրած փորձ: Հայն ու Հայաստանն այսօր աշխարհին ներկայանում է նաև այդ տեսանկյունից: Միայն այն փաստը, որ հենց մենք առաջին քրիստոնյա ազգն ենք,արդեն իսկ հպարտանալու առիթ է: Արցախը նույնպես հայ պատմության անբաժանելի մասն է: Արցախի տարբեր շրջաններում ասվածի վառ ապացույցները կան: Դարերով պահպանված եկեղեցիներ, խաչքարեր, հուշարձաններ և այլն:
Այսօր Արցախի անշարժ հուշարձանների պետական ցուցակում հաշվառված է շուրջ 4000 հուշարձան: Armenia Today-ը ձեզ է ներկայացնում դրանցից մեկը:
Խոսքը, Մարտունու շրջանի, Բերդաշեն գյուղում տեղադրված հուշարձան-թանգարանի մասին է, որը նվիրված է հայրենական պատերազմին մասնակցած հերոսների հիշատակին: Սա թանգարանի մասով: Իսկ ահա հուշարձանն ուրիշ պատմություն ունի:
Լեգենդներ են պտտվում, որ մոնղոլները մի հայ գեղջկուհու ցանկացել են առևանգել: Աղջիկն անճարությունից, թշնամիներին չտրվելու համար ցատկել է գյուղի «Աղջկաբերդ» կոչվող լեռան բարձունքից և ողջ մնացել: Իհարկե, այն ժամանակ օդապարիկ չկար, բայց ի զարմանս բոլորի նրա ողջ մնալը կապված է իր լայնափեշ զգեստի հետ: Այն տեղում, որտեղ աղջիկը ցատկել է, լիճ է գոյացել:
Հետագայում, որպես հերոսական կնոջ մարմնացում, «Աղջկաբերդ»-ի դիմացի լեռան վրա կառուցվում է հուշարձան-թանգարանը: Հուշարձան-կնոջ մի ձեռքին թուր է, մյուս ձեռքին՝ հավերժություն խորհրդանշող դափնու տերև:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







