Արցախի առողջապահության նախարարության կողմից մեկնարկած գյուղական բնակչության բժշկական օգնության կազմակերպման ծրագիրը շարունակվում է: Սեպտեմբերի 20-ին համակարգի բարձրակարգ բժիշկ-մասնագետները հերթական այցն իրականացրել են Շահումյանի շրջանի Քարվաճառի շրջանային բուժմիավորումում:
Բժիշկների կողմից ընդունելություն ու բժշկական սպասարկում է իրականացվել ինչպես Քարվաճառի, այնպես էլ հարակից համայնքների բնակչության շրջանում:
Ընդհանուր առմամբ` կատարվել է շուրջ 250 խորհրդատվություն և ըստ ցուցումների, ակնաբուժական խնդիրներ ունեցող 50 անձանց անվճար հիմունքներով տրամադրվել են ակնոցներ:
Այցի շրջանակներում նախարարը հրավիրել է արտագնա գործակարգավարական խորհրդակցություն` համակարգի գործադիր տնօրենների մասնակցությամբ: Քննարկվել են բազմաթիվ հարցեր համակարգի գործառույթների հետ կապված և նախարար Բաղրյանի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ:
Շահումյանի շրջանի «Քարվաճառի շրջանային բուժմիավորում» պետական ոչ առևտրային ընկերության գործադիր տնօրեն Հայկ Պետրոսյանը ներկայացրել է տվյալներ` կապված հիմնարկի գործունեության հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







