Սեպտեմբերի 28-ին մեծ շուքով նշվելու է Ստեփանակերտի վերանվանման 96-րդ տարեդարձը՝ Արցախի մայրաքաղաքի օրը:
Ստեփանակերտի օրվան նվիրված միջոցառումները կմեկնարկեն Ստեփան Շահումյանի հուշարձանի պատվանդանին ծաղկեպսակի տեղադրման արարոությամբ: Այնուհետև Ս. Շահումյանի անվան պուրակում կազմակերպվելու են նկարչություն, ձեռքի աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառ, ինչպես նաև բռնցքամարտի ցուցադրական պարապմունքներ և շախմատի մրցույթ: Միջոցառումներն ուղեցվելու են Արցախի փողային նվագախմբի կատարումներով: Մայրաքաղաքի մի շարք դպրոցներում անց են կացվելու սանտա-ուշուի, ձյուդոյի, կիոկուշին-կարատեի ցուցադրական վարժություններ, սպորտային մրցումներ, սպորտային պարերի ցուցադրություն:
Միջոցառման շրջանակներում Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպելու է նաև այցելություններ մայրաքաղաքի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն և հարսանյաց հանդիսությունների սրահներ՝ շնորհավորելու նորածիններին և նորապսակներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







