Երկօրյա աշխատանքային այցով Արցախում գտնվող ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոունը հոկտեմբերի 2-ին եղել է հանրապետական բժշկական կենտրոնում, որտեղ ծանոթացել է այս օրերին «Adventist Health Glendele» կազմակերպության կողմից Ստեփանակերտում իրականացվող աշխատանքներին: Այնուհետև կոնգրեսականն այցելել է «The HALO Trust» ոչ կառավարական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակ, ծանոթացել կազմակերպության ծրագրերին, Արցախում կատարվող աշխատանքների հիմնական ուղղություններին:
ԱՄՆ կոնգրեսականին այցի վերջին օրն ուղեկցում էին նրա օգնական Ջեյմս Ջոնսոնը, և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
«The HALO Trust» կազմակերպություն Ստեփանակերտի գրասենյակում շրջայցից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ամերիկացի կոնգրեսականը նշել է, որ այցի հիմնական նպատակը Արցախի հետ երեք հիմնական ՝ տնտեսական, քաղաքական և մարդասիրական ուղղություններով կապեր հաստատելն է:
«Նպատակ ունենք ԱՄՆ կառավարությանը բացատրել, որ պետք չէ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել, որովհետև բոլորս գիտենք, թե ինչին է ծառայելու այդ օգնությունը և անել ամեն ինչ, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունն ավելի արդյունավետ դառնա, որովհետև մենք բոլորս տեսնում ենք, որ այն ակտիվության ոչ մի նշան ցույց չի տալիս»,- ասել է Ֆրենք Փալոունը՝ ավելացնելով, որ Արցախում տեսածն օգտագործելու է ճիշտ տեղեկատվություն մատուցելու համար:
Կոնգրեսական Փալոունի և նրան ուղեկցող պատվիրակության՝ Արցախ այցելության ծրագիրն ավարտվել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն կատարած շրջայցով:
Հիշեցնենք, որ մինչ այդ Ֆրենք Փալոունը հանդիպումներ է ունեցել ԱՀ նախագահի, ԱՀ ԱԺ նախագահի և ԱՀ ԱԳ նախարարի հետ: