Հոկտեմբերի 4-ին Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում կազմակերպվել է կլոր սեղան՝ Արցախի եւ Հայաստանի ազգային փոքրամասնությունների, ինչպես նաեւ պետական մարմինների, գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Կլոր սեղանը նախորդել է «Արցախը մեր տունն է» ազգային փոքրամասնությունների մշակութային փառատոնին, որը կկայանա հոկտեմբերի 5-ին: Միջոցառումները նպատակ ունեն ամրապնդել Արցախում բնակվող տարբեր ազգերի ներկայացուցիչների բարեկամական հարաբերությունները:
«Պետությունների միջազգային հեղինակությունը պայմանավորվում է տվյալ երկրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքով: Մենք կարեւորում ենք այսպիսի միջոցառումները, եւ կարծում ենք, որ այս կլոր սեղանը առարկայական կդարձնի մեր մոտեցումները, եւ մեր հետագա աշխատանքներն ավելի գործնական կլինեն»,- քննարկմանը նշել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
Կլոր սեղանի ժամանակ Արցախում ռուսական եւ հունական ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների նախագահները ներկայացրել են համայնքներին հուզող խնդիրները՝ նշելով, որ հիմնական դժվարությունը ազգային մշակույթի, լեզվի ու ավանդույթների պահպանումն է:
Հավելենք, որ Արցախում ապրում են ազգային փոքրամասնությունների մոտ 400 ներկայացուցիչներ, որոնցից պաշտոնապես գրանցված են ռուսական եւ հունական համայնքները, ապրում են նաեւ ասորիներ, եզդիներ, վրացիներ, ուկրաինացիներ, օսեթներ և այլն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







