Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու նվազագույն հնարավորություն անգամ չունեն։ Այս մասին հայտարարել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանում իրականացված ֆլեշմոբի կադրերը, որի մասնակիցներն իբր մտադրվել են գնալ Արցախ։
Դավիթ Բաբայանը նշում է, որ նախևառաջ պետք է ստուգել, թե արդյոք այդ կադրերը նոր են, թե՝ հին։
«Եթե նույնիսկ կադրերը նոր են, ապա սա առաջին նման դեպքը չէ, այլ չորրորդ և նույնիսկ վեցերորդ։ Եկեք վերլուծենք, թե ինչ է կատարվում։ Ես այս գործողությունները կորակեի որպես հերթական ցածրակարգ «հայրենասիրական-քաղաքական ֆլեշմոբ»»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը։
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ նման երթի իրականացման համար պետք է նվազագույն պատկերացումներ ունենալ սահմանների մասին:
«Ադրբեջանի հետ մեր սահմանը ոչ թե ուղղակի սահման է, այլ փաստացի կրակի գիծ։ Եթե այդ մարդիկ իրոք ուզում են հատել սահմանը, նրանք սկզբի համար պետք է հաղթահարեն ադրբեջանական ԶՈՒ-ի մի քանի պաշտպանական գծեր, այնուհետեւ հատեն ականապատված գոտին, որը բավական լայն է»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը։
Դավիթ Բաբայանի խոսքով՝ այդ ակցիաների մասնակիցները նույնիսկ արցախյան սահմաններին մոտենալու հնարավորություն չեն ունենա, քանի որ բոլորը կպայթեն այդ գոտում, ինչպես նաև ադրբեջանական կողմը հազիվ թե տեխնիկա օգտագործի և մաքրի ականազերծ գոտին։
«Դրանից հետո նրանք պետք է անցնեն ևս մեկ գոտի մեր կողմից։ Այսինքն նրանք նույնիսկ ֆիզիկապես չեն կարող հասնել մեր դիրքերին, էլ չեմ ասում սահմանը հատելու մասին»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը։
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարն ընդծել է, որ նմանօրինակ ֆլեշմոբերը էժանագին ակցիա են, որի կազմակերպիչները տարբեր նպատակներ են հետապնդում և այդ գաղափարն իրագործելը տեխնիկապես անհնար է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







