Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 12-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ խորհրդակցությանը քննարկվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի կազմակերպման ժամկետի և օրակարգի ձևավորման հարցերը: ԱԺ նախագահը մշտական հանձնաժողովների ղեկավարներին առաջարկել է մինչև աշխատանքային շաբաթվա վերջ ներկայացնել քննարկման ենթակա հարցերի վերաբերյալ առաջարկություններ:
Այնուհետև անդրադարձ է կատարվել նստաշրջանում ներառված և ԱԺ հերթական նիստում ներկայացվելիք օրինագծերի հանձնաժողովային քննարկումներին և խորհրդարանում պետական բյուջեի նախագծի քննարկման պլանավորման հարցերին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







