Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 12-ին Քաշաթաղի շրջանի Տանձուտ գյուղում մասնակցել է հիմնական դպրոցի բացման արարողությանը:
Կառավարության և «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի համատեղ իրականացված ծրագրի արդյունքում դպրոցական շենքը հիմնանորոգվել և կահավորվել է: Ինչպես տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,պետական նախարարը շնորհավորել է ուսուցիչներին ու աշակերտներին, համոզմունք հայտնելով, որ շենքային բարեկարգ պայմաններում կրթության արդյունավետությունն առավել բարձր կլինի, իսկ դպրոցաշինության ծրագրերը շարունակելու են մնալ կառավարության առաջնահերթությունների թվում: Այդ համատեքստում Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է նաև «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի աշխատանքը:
Ապրիլյան պատերազմի մասնակից Ադամ Սահակյանի անունը կրող կրթօջախի բացմանը ներկա էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատասխանատուներ, Ադամ Սահակյանի հարազատները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







