Ստեփանակերտի ամենագողտրիկ վայրում՝ սիրահարների այգում, որն առաջին հերթին խորհրդանշում է արցախյան «Մեծ հարսանիքը», տեղադրվել է հայ մեծանուն բարերար, արցախյան հողի արժանավոր զավակ Լևոն Հայրապետյանի հիշատակը հավերժացնող հուշարձան, որի հանդիսավոր բացումը կլինի շուտով:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:
«Լևոն Հայրապետյանի անմնացորդ նվիրումը իր ժողովրդին, հող ու ջրին իսկական հայրենասերի կերպարի լավագույն բնութագրումն է: Նրա մասին կարելի է երկար խոսել, բայց կարելի է նաև բազմանշանակ լռել, քանի որ Արցախի զարգացման գործում նրա ունեցած մեծ ավանդը պերճախոս վկայությունն է Հասան-Ջալալյանների տոհմի ժառանգի՝ որպես իսկական հայի ապրած տարիների:
Լևոն Հայրապետյանն Արցախի հերոս է, և, համոզված եմ, պետական այդ բարձր գնահատականը չի ուշանա»,- գրառման մեջ նշել է Արայիկ Հարությունյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







