Նոյեմբերի 18-ին Ուսանողների միջազգային օրվա առթիվ Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Ռեկտոր Արմեն Սարգսյանի հրամանով պարգևատրվել են մի խումբ ուսանողներ:
Պատվոգրեր և մասնագիտական գրքեր են ստացել «Տարվա լավագույն ուսանող» և Ուսանողի միջազգային օրվա կապակցությամբ անցկացված մրցույթներում «Լավագույն գեղանկար», «Լավագույն լուսանկար», «Լավագույն թղթակից», «Սեղանի թենիս», «Ինտելեկտուալ մրցույթ», «Հրաձգություն» անվանակարգերում հաղթող ճանաչված, ուսման բարձր առաջադիմություն և պատշաճ վարքագիծ դրսևորած, ներհամալսարանական և արտահամալսարանական ակտիվ գործունեություն ծավալած, հասարակական բարձր ակտիվություն ցուցաբերած, ուսանողական ինքնավար կառույցների աշխատանքը լավագույնս կազմակերպած, ուսումնագիտական, մշակութային, մարզական տարաբնույթ միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած ուսանողները:
Համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը պրոֆեսորադասախոսական կազմի անունից շնորհավորել է ուսանողներին՝ նշելով, որ ներկայումս աշխարհում բարձրագույն կրթության բնագավառում մեծ բարեփոխումներ են կատարվում, որոնց հիմնական սկզբունքներից մեկը միտված է ուսանողակենտրոն համալսարանների կայացմանը: Ռեկտորը նաև ընդգծել է, որ վերջին տարիներին ուսանողները ակտիվ մասնակցում են համալսարանի բոլոր աշխատանքներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







