Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը հանդիպումներ են ունեցել 2020թ. Արցախում կայանալիք ընտրություններին նախագահի հավանական թեկնածուներ Վիտալի Բալասանյանի և Ռուսլան Իսրայելյանի հետ:
Մեկնաբանելով կայացած հանդիպումները Դավիթ Իշխանյանը նշել է, որ Արցախում գրանցված 20-ից ավելի կուսակցություններից 15-ի հետ հանդիպումներից հետո սկսվել է միասնական օրակարգի և համաձայնեցված թեկնածուի շուրջ հանդիպումների երկրորդ փուլը: Նրա խոսքով՝ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում հանդիպելու են ԱՀ նախագահի 5 հավանական թեկնածուների հետ:
ԱՀ նախագահի հավանական թեկնածուների հետ է քննարկվել արդյո՞ք նրանք հնարավոր համարում են համաձայնեցված թեկնածու դառնալու հավանականությունը, հնարավոր է արդյո՞ք միավորումը այլ թեկնածուի շուրջ և հավանական համարում են արդյո՞ք համախմբումը ՀՅԴ կողմից առաջարկված թեկնածուի շուրջ:
Ըստ Դ. Իշխանյանի՝ հանդիպումները կայացել են անկեղծ, անկաշկանդ և փոխըմբռնման մթնոլորտում:
Հավելենք, որ Վիտալի Բալասանյանի հետ հանդիպմանը ներկա էին նաև «Արդարություն» կուսակցության, իսկ Ռուսլան Իսրայելյանի հետ հանդիպմանը՝ «Անկախության սերունդ» կուսակցության ներկայացուցիչներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







