ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ նոյեմբերի 17-21-ը Հայաստանի, Արցախ և Ադրբեջանի լրագրողների փոխայցերի շրջանակներում նոյեմբերի 20-21-ը ադրբեջանցի լրագրողները, Արցախ կատարած այցի շրջանակներում, եղել են Գանձասարի վանական համալիրում, շրջայց կատարել Շուշիում, այցելել «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան», երկրաբանության և կերպարվեստի պետական թանգարաններ, ծանոթացել քաղաքի տեսարժան վայրերին։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ադրբեջանցի լրագրողները Ստեփանակերտում այցելել են «Ղարաբաղ կարպետ» գորգագործական ընկերություն, Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, «Արցախբիո» պահածոներ արտադրող ընկերություն, կայացել են նաև հանդիպումներ Արցախի քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
Համաձայն Արցախի ԱԳՆ հաղորդագրության՝ այս նախաձեռնությունը անհրաժեշտ է դիտարկել որպես փորձնական քայլ՝ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման շրջանակներում խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով:
«Արցախյան կողմը վերջին 20 տարիների ընթացքում բազմիցս հանդես է եկել վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանն ուղղված առաջարկություններով, այդ թվում` լրագրողների փոխայցերի վերաբերյալ»,- ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







