Նոյեմբերի 30-ին տեղի է ունցել Արցախի «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարը, որի ընթացքում Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ տալիս է իր համաձայնությունը՝ առաջադրվելու և մասնակցելու 2020 թվականին Արցախի նախագահական ընտրություններին: Այս մասին հայտնում է News.am-ը:
«Ես այս քաղաքական պայքարի մեջ եմ մտնում հանուն մեր ժողովրդի համերաշխության և միասնության, հանուն արցախցու արժանապատվության»,-ասել է Բալասանյանը:
Վիտալի Բալասանյանն ընդգծել է, որ Արցախն արդեն կայացած պետություն է՝ իր ինստիտուտներով. «Այո՛, դեռևս կա Արցախի չլուծված հիմնախնդիր, որը պետք է լուծվի: Այդ հարցում մեր դիրքորոշումը չի փոխվել. Արցախի և Ադրբեջանի փոխադարձ ճանաչումը և հակամարտության ուժային լուծումից հրաժարումը պետք է ելակետային դառնան և ոչ թե հանդես գան նրանց միջև բանակցությունների վերջնակետ»:
Բալասանյանն իր խոսքում նշել է, որ իրենց կողմից Ադրբեջանին բավական զիջումներ արդեն իսկ արվել են. զիջել են, երբ 1994-ին ստորագրեցին զինադադարի մասին համաձայնագիրը, զիջել են, երբ դադարեցրին դառնալ բանակցային կողմ, զիջել են, երբ 2016-ի ապրիլին համաձայնեցին կասեցնել հաջողությամբ իրականացվող հակահարձակումն Ադրբեջանի զինված ուժերի դեմ։
Վիտալի Բալասանյանն ընդգծել է նաև, որ Արցախի անվտանգությունը մեծացնելու համար անհրաժեշտ հրամայական է առավել սեղմ ժամկետներում վերականգնել ժողովրդի խարխլված համերաշխությունը, վերացնել աղքատությունը, սոցիալական արդարության դեֆիցիտը, առավել արդյունավետ դարձնել տնտեսության կառավարումը:
«Արցախցին պետք է ապրի արժանապատիվ կյանքով»,- շեշտել է Արցախի հերոսը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







